Ուկրաինան առաջարկում է իր միջազգային գործընկերներին ստորագրել բազմակողմ համաձայնագիր, որը նախատեսում է այլ պետությունների տարածքում ռուսական միջոցների և ունեցվածքի բռնագրավում՝ փոխհատուցելու ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանի Դաշնության պատճառած վնասը։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Մենք առաջարկում ենք, որ գործընկեր պետությունները ստորագրեն բազմակողմ համաձայնագիր և ստեղծեն մեխանիզմ, որով բոլոր նրանք, ովքեր տուժել են Ռուսաստանի գործողություններից, կկարողանան փոխհատուցում ստանալ այդ կորուստների համար։ Նման համաձայնագրի հիման վրա գործընկեր պետությունների իրավասություններում գտնվող ռուսական միջոցները և գույքը պետք է բռնագրավվեն կամ սառեցվեն, այնուհետև փոխանցվեն հատուկ ստեղծված հիմնադրամ, որտեղից ռուսական ագրեսիայի բոլոր զոհերը կկարողանան ստանալ համապատասխան փոխհատուցում։ Դա կլինի արդար և Ռուսաստանը կզգա յուրաքանչյուր հրթիռի, ռումբի, արկի իրական ծանրությունը, որը նա արձակեց մեզ վրա։ Մենք մեր գործընկերներին հրավիրում ենք դառնալ նման հիմնադրամի հիմնադիրներ, ինչպես նաև հատուկ միջազգային հանձնաժողովի անդամներ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ այդ խնդիրը լուծելը հեշտ չի լինելու, սակայն արդեն քննարկում է սկսվել ռուսական ակտիվների հաշվին նման փոխհատուցման անհրաժեշտության մասին։
«Ռուսական փողերը՝ որպես փոխհատուցում, պետք է հասնեն յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ընտանիքի, տուժած բիզնեսի: Իհարկե, ռուսական պետությունը նույնիսկ չի ճանաչում, որ ինքը ագրեսոր է, բայց դրա ճանաչումը պարտադիր չէ»,- ասել է նա։
Ըստ ուկրաինական կողմի՝ մայիսի 18-ի դրությամբ, Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցված վնասի չափը կազմել է 97,4 միլիարդ դոլար։