Թուրքական պատմագիտական ընկերության (TTK) նախագահ պրոֆեսոր Բիրոլ Չեթինն ասել է. «Մենք մեծ պետություն ենք և մեր բոլոր արխիվները բաց են բոլորի համար՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունից են գալիս»: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Թուրքական պատմագիտական ընկերության և Սև ծովի տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Հունաստանի կողմից Անատոլիայում կատարած մարդկության դեմ հանցագործություններ. կարո՞ղ է արդյոք զավթիչը լինել զոհ» խորագրով սիմպոզիումի ընթացքում Չեթինը նշել է, որ իբր իրենք ուսումնասիրություններ կատարելիս առաջնորդվում են բացառապես գիտական մեթոդներով:
Թուրքական ժխտողական թեզերի դարբնոցներից մեկը համարվող այս կառույցի ղեկավարը քննադատության է ենթարկել հատկապես հայկական ու հունական թեզերը՝ շեշտելով, որ իբր իրենց հաջողվել է այդ թեզերին և մեղադրանքներին արժանի հակափաստարկներով հանդես գալ։
Հայերի և հույների կողմից բարձրաձայնվող ցեղասպանության հարցը որակելով որպես քաղաքական ճնշման գործիք՝ թուրք պրոֆեսորը հայտարարել է, որ իրենք ճշմարտության կողմնակից են: Ըստ նրա՝ քանի որ Թուրքիան դարձել է տարածաշրջանային գերտերություն, հայերը և հույները թույնով են լցվել ու փորձում են վրեժխնդիր լինել՝ Թուրքիայի դեմ նման մեղադրանքներ հնչեցնելով:
Ըստ էության թուրքական պատմագիտական ընկերությունը շարունակում է իրականացնել ժխտողական քարոզչություն՝ առաջ քաշելով հայերի և հույների կողմից թուրք և մուսուլման բնակչության նկատմամբ իրականացված «կոտորածների» վերաբերյալ մտացածին թեզեր: Իրենց պատմական հայրենիքից զրկված այս երկու ժողովուրդներին Թուրքիան փորձում է ներկայացնել որպես «զոհ ներկայացող զավթիչներ»։