Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր՝ մայիսի 19-ին, քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի և գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ:
«Պետք է նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները, անշուշտ, կնպաստեն ոչ վաղ անցյալում մեր պետությունում ներդրված այս կարևորագույն ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը»,- հավելեց դատախազի տեղակալը։
Ի թիվս մի քանի փոփոխությունների, առաջարկվում է նաև մեկ բովանդակային փոփոխություն ևս կատարել, ըստ որի վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն պետք է ընձեռվի որևէ գույքի շուկայական արժեքի չափով գումար պահանջելու փոխարեն պահանջել ձեռք բերման արժեքի չափով գումար։
«Խոսքը ոչ բոլոր դեպքերի մասին է, այլ միայն այն դեպքերի, երբ այդ շուկայական արժեքի պարզումը կլինի անհնար։ Անհնարինության հանգամանքը վարույթ իրականացնող մարմինն ինքը չի կարող որոշել, այլ այդ մասին պետք է փաստի պատշաճ գիտելիքներ ունեցող փորձագետը։ Նախատեսվում է նաև, որ գույքի՝ արտասահմանում գտնվելու հանգամանքի պատճառով, երբ իրավասու մարմինը զրկված կլինի շուկայական արժեքը պարզելու հնարավորությունից, կարողանա պահանջել անձից ոչ թե այդ գույքի կամ դրա շուկայական արժեքը, այլ ձեռքբերման արժեքը, այսինքն՝ պայմանագրային արժեքը, եթե այդպիսին հայտնի է։ Իհարկե, առաջարկվող փոփոխությունը կողմին չի զրկում համապատասխան գույքի շուկայական արժեքը ներկայացնելու իրավունքից»,- մանրամասնեց Սրբուհի Գալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում