Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ կայացել է «առանց փողկապի» ձևաչափով հանդիպում գործարարների հետ. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ կայացել է «առանց փողկապի» ձևաչափով հանդիպում գործարարների հետ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս պահին իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով աշխատանքն ու  բարձր արտադրողականությամբ զբաղվածությունը խթանելու, կարիքին համապատասխան սոցիալական աջակցության համակարգը կայացնելու ուղղությամբ: Բարեփոխումների առանցքում, ինչպես նախարարն է ընդգծել, առանձնակի կարևորվում է գործարար համայնքի հետ երկխոսության զարգացումը՝  քաղաքականությունների և՛ մշակման, և՛ իրականացման փուլերում․

«Որպես աշխատանքի ոլորտի պետական քաղաքականություն մշակող գերատեսչություն մեր ցանկացած որոշում ուղղակի կամ անուղղակի կերպով ազդեցություն է ունենում մասնավոր հատվածի գործունեության վրա, հետևաբար ուզում ենք համատեղ սահմանել ակնկալիքներն ու անելիքները։ Մասնավոր հատվածում կենտրոնացած է մեծ գիտելիք ու ռեսուրս, որն անհրաժեշտ է արդյունավետ համադրել պետական քաղաքականության հետ։ Մասնավոր սեկտորի կողմից հաճախ իրականացվում են մի շարք նախաձեռնություններ, որոնք թեպետ համընկնում են պետական քաղաքականությանը, բայց առանձին գործելու պատճառով չեն ունենում մասշտաբային ազդեցություն։ Այս նպատակով էլ ցանկանում ենք սահմանել համագործակցության լայն շրջանակ, որը թույլ կտա արդյունավետ երկխոսություն ունենալ»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում նախարարն ու տեղակալները ներկայացրել են սոցիալական աջակցության, զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և մի շարք այլ ուղղություններով իրականացվող ոլորտային բարեփոխումները, որին հաջորդել է մասնակիցների հարցուպատասխանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման արդյունքներն ամփոփելուց հետո ստեղծել միասնական հարթակ, որը հնարավորություն կտա անցկացնել աշխատանքային քննարկումներ՝  հստակ ձևաչափով ու  պարբերականությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել