Հինգերորդ ձերբակալությունը՝ Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով. ՔԿ

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ևս մեկ անձի ինքնություն, ով Երևան քաղաքի՝ 1994թ. ծնված բնակիչ Գոռ Մաթևոսյանն է: Վերջինս ձերբակալվել է:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

Նշենք, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է երեք անձ, մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:

Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել