Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախորդ տարի աշնանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ կնքեցինք հուշագիր՝ Տավուշի մարզում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր բացելու նպատակով։
Այսօր հանրային քննարկման ենք ներկայացրել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Գյուղատնտեսական կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թ. սեպտեմբերին՝ գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով:
Հիմնադրամում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները, ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ:
Կրթահամալիրում ուսուցումը իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչների համապատասխան, կտեղայնացվեն նաև ֆրանսիական կրթական չափորոշիչներ և ֆրանսիական մանկավարժական մեթոդներ:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը նախատեսում է հետևյալ ներդրումները․
- դասախոսական անձնակազմի վերապատրաստում մասնագիտական և մանկավարժական ծրագրերով,
- ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի համալրում,
- շենքային պայմանների բարելավում,
- շենքի մշտական ջրամատակարարման ապահովում, խմելու ջրի ռեզերվուարների տեղադրմամբ,
- ճաշարանի կազմակերպում՝ տարածքի վերանորոգման և կահավորման ընդգրկմամբ,
- հանրակացարանի կահավորում, սանհանգույցների վերափոխում և կապիտալ վերանորոգում,
- քիմիայի և կենսաբանության, ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիաների ստեղծում,
- ագրոգործիքների արհեստանոցի ստեղծում,
- 25 տեղանոց ուսանողական ավտոբուսի ձեռքբերում,
- մարզասրահի և ուսանողների ժամանցի սրահի ստեղծում:
Հիմնադրամի ստեղծման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա: Այս նախագիծը նաև ՄԿՈՒ հաստատությունների կառավարման նոր մոդելի՝ պետական-մասնավոր համագործակցության փորձարկման միջոց է»,- գրել է նա։
Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: