Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեն վստահեցնում է, որ Նիդերլանդները կշարունակի պայքարել այն ուղղությամբ, որ հայ գերիներն Ադրբեջանից ապահով վերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռութեն այս մասին ասաց Նիդերլանդներում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
«2020-ի աղետալի պատերազմը բոլորիս համար պարզ դարձրեց, որ վերջնական խաղաղությունը շատ կարևոր է: Դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ Հայաստանի վարչապետ կողմից ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում Ադրբեջանի հետ»,-ասաց նա՝ նկատելով, որ դրանք շատ դժվար զրույցներ են:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ տևական խաղաղությունն իրագործելի է, և Հայաստանն ու Ադրբեջանը միայն այդ տևական խաղաղության պայմաններում կարող են տարածաշրջանում ապրել: Նա նշեց, որ Ուկրաինայի պատերազմը ևս իր ազդեցությունն ունի Մինսկի խմբի 3 համանախագահների վրա:
Նա խոսեց նաև ԵՄ-ի ակտիվության մասին, ԵԽ նախագահ Շառել Միշելի դերակատարության մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առումով: Նիդերլանդների վարչապետը բռնությանը վերջ տալու, լարվածությունը թուլացնելու և կոնֆլիկտը խաղաղության սեղանի շուրջ լուծելու կոչ արեց:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պահվող գերիների վերաբերյալ հարցին՝ Նիդերլանդների վարչապետն ասաց. «Նիդերլանդները կշարունակի պայքարել այդ ուղղությամբ, որ այդ գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց հայրենիք»: