Լենա Նազարյանը պետք է ներողություն խնդրրի Թագուհի Թովմասյանից․ ներողության տեքստը հրապարակվել է

Երևանի առաջին ատյանի դատարանը հրապարակել է «Թագուհի Թովմասյանն ընդդեմ Լենա Նազարյանի» գործով որոշումը։ Թովմասյանի հայցն ընդդեմ Նազարյանի` վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարվել է մասնակի:

Նազարյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի Թագուհի Թովմասյանից՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում հետևյալ բովանդակությամբ տեքստի հրապարակում կատարելու միջոցով. «Ես՝ Լենա Ռաֆայելի Նազարյանս, 03․06․2021թ․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից»։

Դատարանը գտնել է, որ «իդիոտկա» արտահայտությունը հասարակության անդամների գնահատմամբ դիտարկվում է որպես հանրության շրջանում հայցվորի արժանիքները ակնհայտորեն նսեմացնող արտահայտություն, քանի որ հայցվորին ենթարկում է ծաղրուծանակի՝ որպես «հիմար մարդ» արտահայտության իմաստով։

Ինչ վերաբերում է պատասխանողի դիրքորոշմանն, ըստ որի՝ «իդիոտկա» բառը օտար լեզվից թարգմանելիս չունի վիրավորական իմաստ, ապա դատարանը գտնել է, որ նման դիրքորոշումն անհիմն է, քանի որ անձի պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի վերաբերյալ վեճեր քննելիս էական է համարվում ոչ թե կատարված արտահայտության բառացի թարգմանությունը, այլ՝ հասարակության շրջանում կատարված արտահայտության իմաստային ընկալումը, ուստի հունարենում կամ այլ լեզուներում «իդիոտկա» բառի ուղիղ թարգմանությունը որևէ նշանակություն չունի սույն վեճի լուծման համար։

Հօգուտ Թովմասյանի կբռնագանձվի 4000 ՀՀ դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար։

Վճիռը հրապարակվել է մայիսի 2-ին և մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ այդ ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսել էր Աբովյանի դիահերձարանի գետնին նետված դիերի մասին՝ քննադատելով իշխանությանը, ինչին ի պատասխան ԱԺ այն ժամանակվա փոխնախագահը վիրավորել էր նրան` ասելով «իդիոտկա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել