ՄԻՊ արագ արձագանքման խմբերն աջակցություն են ցուցաբերել ավելի քան 125 անձանց

Այսօր Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են թվով 8 ոստիկանության բաժիններ՝ Երևանում՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 125 անձանց, հայտնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից։

«Պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի ոստիկանության բաժնում բերման ենթարկված թվով 8 անձի, իսկ ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 10 անձի Գեղարքունիքի մարզում։

Այսօրվա արագ արձագանքման այցերի արդյունքում բացի Ոստիկանության կողմից կայուն պրակտիկա դարձած՝ անձին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգերի կոպիտ խախտումներից ՄԻՊ արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում արձանագրվել են նաև հետևյալ առավել դատապարտելի դեպքերն ու խախտումները.

Մասնավորապես՝ լայնամասշտաբ բնույթ են կրել ոստիկանության ծառայողների կողմից բողոքի ակցիա իրականացնող անձանց հետ վիճաբանության բռնվելու և դրա շրջանակում քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերը։ Նման վարքագիծը որևէ պարագայում չի կարող ընդունելի համարվել ոստիկանության ծառայողի համար, վերջինս սահմանափակված է իր պետական ծառայողի կարգավիճակով և պարտավոր է ձեռնպահ մնալ հավաքի մասնակից անձանց հետ նման վիճաբանությունների և ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» մեջ ներքաշվելուց կամ առավել ևս՝ նման «խոսակցություններ» իր կողմից նախաձեռնելուց։

Այսօր, առավել քան նախորդ օրերին, զանգվածային բնույթ են կրել քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը, երբեմն դրանք դրսևորվել են քաղաքացիներին քարշ տալով մեքենա նստեցնելով, մարմնական վնասվածքներ հասցնելով (երկու անձի դեպքում գրանցվել են կոտրվածքներ), բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ձեռքեր ոլորելով, գլուխը ներքև հրելով։

Արագ արձագանքման խմբերի կատարած այցերի շրջանակում գրեթե բոլոր անձինք դժգոհել են հատկապես Ոստիկանության զորքերի (սև համազգեստով ոստիկանների) կողմից դրսևորած ակնհայտ կոպիտ, ագրեսիվ, անհամաչափ ուժ ու բռնություն կիրառելու դեպքերից։

Մասնավորապես, քաղաքացիներից մեկը առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները ոտքով հարվածել են որովայնի շրջանին։ Այդ տեղեկությունը հաստատել են նաև տվյալ քաղաքացու հետ նույն վայրից բերման ենթարկված այլ անձինք։
Հատկապես մտահոգիչ է 02.05.2022թ.-ին ՀՀ ԱԺ պատգամավորների բերման ենթարկելու փորձերը, իսկ մեկ դեպքում էլ՝ պատգամավորին բերման ենթարկել են, սակայն բաժնի մոտ ազատ են արձակել։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջիններս ազատությունից կարող են զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը գիտի անձի՝ պատգամավորի կարգավիճակ ունենալու մասին, պետք է ձեռնպահ մնա վերջինիս բերման ենթարկելու փորձերից։

Այցերի ընթացքում վեր են հանվել նաև բողոքի ակցիաներին չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։

Այսպես՝ ըստ որոշ բերման ենթարկված անձանց պնդումների, իրենք թեև դիտարկման նպատակով գտնվել են հարակից տարածքում, սակայն բուն հավաքին չեն մասնակցել։

Այս տեսանկյունից խնդրահարույց է ոչ տարբերակված մոտեցում ցուցաբերելու ոստիկանության գործելաոճը։

Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների ներկայացրած պահանջը կատարելուց հետո,այնուամենայնիվ, անձինք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Մասնավորապես՝ արձանագրվել են ճանապարհները բացելու պահանջը քաղաքացիների կողմից կատարելուց հետո վերջիններիս բերման ենթարկելու դեպքեր։

Պաշտպանն արձանագրում է, որ այս իրավիճակներում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով բերման ենթարկելը ի սկզբանե ապօրինի է և անթույլատրելի։

Ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնա առանց հիմքերի և հիմնավորումների արդեն իսկ ներկայացված պահանջը կատարած անձանց բերման ենթարկելուց։

Պաշտպանի մշտադիտարկումը վեր է հանել մի քանի դեպքեր, երբ ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանի նկատմամբ դրսևորվել է վիրավորական վարքագիծ, մեկ դեպքում էլ՝ ոստիկանության ծառայողին վնասվածք հասցնելու դեպք։

Պաշտպանը Ոստիկանությանը կրկին հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով:

Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ։

Պաշտպանը պահանջում է բացառել նույնականացման հնարավորություն չընձեռող հանդերձանքով ոստիկանների մասնակցությունը իրականացվող միջոցառումներին»,-նշվում է ՄԻՊ հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել