ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել 2018թ. մայիսին քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին:
Այս մասին հայտնում են Պետական վերահսկողության ծառայությունից։
Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. մայիսի 4-ի որոշմամբ քաղաքացի Ն․Բ․-ին ուղղակի վաճառքով` 3.289.104 դրամով օտարվել է Ուլնեցու փողոցում գտնվող 199.63 ք/մ մակերեսով հողամասը, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ․Ն․-ին՝ Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող 220.56 ք/մ մակերեսով հողամասը՝ 3.633.946 դրամ արժեքով: Նշված գործարքների կապակցությամբ դրական եզրակացություններ են տվել քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված տեղատեսության և քաղաքապետարանում պահպանվող փաստաթղթերի ու քարտեզագրական նյութերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողամասերի դեպքում ուղղակի վաճառքի հիմքեր առկա չեն եղել, դրանք գտնվում են փողոցներին հարակից կառուցապատման առաջին գծում՝ փողոցներին անմիջապես հարող հատվածներում, ըստ էության հանդիսանում են առանձին գույքային միավոր և ենթակա էին օտարման հրապարակային սակարկությունների՝ աճուրդի եղանակով:
ՀՀ կադաստրի կոմիտեից ստացվել է նաև տեղեկատվություն` 2018թ. ընթացքում վերը նշված հասցեների հարակից տարածքներում հողամասերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ: Վերլուծությամբ պարզվել է, որ Ուլնեցու փողոցում 2018թ. փետրվար և ապրիլ ամիսներին հողամասերի վաճառքի միջին գինը մեկ մետր քառակուսու համար կազմել է մոտ 56.300 դրամ, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի արժեքը հաշվարկվել է մոտ 16.500 դրամ, այսինքն շուրջ 3.4 անգամ պակաս: Դավիթ Անհաղթի փողոցի հիշյալ հողամասին հարակից և կառուցապատման առաջին գոտի չհանդիսացող հողամասը 2018թ. նոյեմբերին վաճառվել է մեկ մետր քառակուսին 145.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով հողամասն օտարվել է 16.500 դրամով՝ մոտ 8.8 անգամ պակաս արժեքով:
Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար ։