Կառավարության օրենսդրական առաջարկով կխստացվեն թանկարժեք մետաղների եւ քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու համար սահմանված պատժամիջոցները:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Վերոնշյալ պահանջները խախտելն առաջացնելու է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով՝ նախկին 100-ապատիկի փոխարեն, պարբերաբար խախտելիս՝ 1000-ապատիկի չափով՝ նախկին 200-ապատիկի փոխարեն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում եւ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը: Նա նշել է, որ մեղմ պատժամիջոցի պարագայում կարող են առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր: Պատժամիջոցի խստացման առաջարկ է ներկայացրել նաեւ ԵԱՏՄ մոնիթորինգի խումբը՝ ապահովվելու համար պատժամիջոցների ներդաշնակություն ԵԱՏՄ տարածքում: Փոխնախարարի խոսքով՝ մնացած փոփոխությունները հարգորոշման եւ հարգադրոշմման գործընթացները հեշտացնելու նպատակ ունեն:
2021թ. մայիսի 24-ից ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրով անդամ պետությունների համար սահմանվում են ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների եւ քարերի շրջանառության միասնական պայմաններ: Դա հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքը՝ առանց լրացուցիչ վարչարարության: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ազգային իրավական ակտերը ներդաշնակեցնել համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին:
Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջին ընթերցումից հետո Կառավարությունն օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ կապված առաջարկ է ներկայացրել, որն ընդունվել է:
Օրենսդրական փաթեթի՝ առաջին ընթերցմամբ քննարկման մանրամասները՝ այստեղ: