Հայաստանում արտադրված տնկանյութը երբեւէ չի հավաստագրվել՝ պայմանավորված տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության բացակայությամբ:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Վերջին տարիներին մեր երկրում տնկանյութի հավաստագրման օրենսդրության պահանջ է առաջացել: Գյուղատնտեսության արդյունավետ զարգացման նպատակով կարեւորվում է տեղական սերմնաբուծությունից եւ սերմարտադրությունից բացի ունենալ նաեւ տեղական տնկարանային արտադրություն: Այն կարող է երաշխավորել ոչ միայն պտղահատապտղային այգիների տարածքների ավելացումը, այլ նաեւ հնարավորություն կընձեռի տնկանյութի արտահանման համար:
Միջազգային գործընկերների՝ ՄԱԿ-ի, Պարենի գյուղատնտեսության կազմակերպության առաջարկով եւ Կառավարության ուսումնասիրություններով փոփոխություն է կատարվում «Սերմերի մասին» օրենքում եւ ավելացվում տնկանյութերի հավաստագրումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում:
Զեկուցողն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սերմերի եւ տնկանյութի մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
«Տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրումը հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղություններից է եւ 2020-2030թթ. Կառավարության ռազմավարությամբ նախատեսված միջոցառում է, որի նպատակն է յուրաքանչյուր տարի ինտենսիվ այգիներն ավելացնել շուրջ 1000 հեկտարով»,- ընդգծել է փոխնախարարը:
Ֆինանսների նախարարության առաջարկի հիման վրա ներկայացվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտություն, որով պետական տուրք կսահմանվի տնկանյութի հավաստագրի տրամադրման համար: Նախագիծը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: