Այսօր հիվանդանոցում տեսակցեցի երկու օր առաջ Դեբեդ գետում հայտնաբերված աղջնակին՝ Արևին. Արուսյակ Մանավազյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հիվանդանոցում տեսակցեցի երկու օր առաջ Դեբեդ գետում հայտնաբերված աղջնակին՝ Արևին։ Ժպտերես ու մարդամոտ փոքրիկն իր անվան պես ջերմություն է տարածում նույն հիվանդասենյակում պառկած մյուս երեխաների ու բժշկական թիմի վրա։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը պատմեցին, որ փոքրիկի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Երեխայի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց բժիշկները վստահեցրեցին, որ անում են հնարավորը։

Ցանկությունս է, որ աշխարհի բոլոր «արևները» ապրեն խաղաղ ու ջերմ ընտանիքներում, ծնողական սիրո ու ուշադրության ներքո»,- գրել է նա։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին․

Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:

Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:

30-ամյա կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել