Շատ ուրախ եմ, որ ծնողները լսեցին մեր հորդորները և հետևեցին այն խորհրդին, որը մենք սկսել ենք իրագործել 2021 թվականին՝ այսինքն ճանաչվել տուժողի իրավահաջորդ․ այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Iravaban.net-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։
«Դրանից հետո իրենք բոլորն իրավունք են ստանում մասնակցել բոլոր դատական գործընթացներին, ներկա լինել նիստերին։ Մեզնից հասնում է, որ հաստատակամ միշտ այստեղ կանգնած լինենք և լինենք պահանջատեր»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները միջնորդություն էին ներկայացրել Դատախազություն, որպեսզի 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն։ Դատախազության տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ այն բավարարվել է։
Նշենք, որ Քրեական դատավարության 199-րդ հոդվածով նախատեսվում է․
1․դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են քննարկել նախնական քննության մասնակիցների հարուցած բոլոր միջնորդությունները:
2. Գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում:
Մանրամասները՝ տեսանյութում։