Տեղի է ունեցել դիզելային վառելիքի գնի շուրջ 40 տոկոս բարձրացում․ ՄՊՀ ուսումնասիրությունը՝ դիզելային վառելիքի շուկայում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաև բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։ Այս մասին հայտնում են ՄՊՀ-ից։

Մանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ՀՀ դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաև համաշխարհային շուկայի գների դինամիկան և դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ամբողջ նավթամթերքը հանդիսանում է ներմուծված ապրանք, միջազգային շուկաներում դիզելային վառելիքի գների բարձրացումները անդրադարձել են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի վրա:

Ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզվել է, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները, ինչպես նաև տեղի է ունեցել լոգիստիկ ծախսերի որոշակի բարձրացում, մինչդեռ նույն ժամանակահատվածում դրամի արժևորումը կազմել է շուրջ 5 տոկոս:

Ներկայումս, համաշխարհային շուկայում գործում են դիզելային վառելիքի երբևէ արձանագրված ամենաբարձր գները: Օրինակ՝ Վրաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի համեմատ ապրիլին տեղի է ունեցել դիզելային վառելիքի գնի շուրջ 40 տոկոս բարձրացում՝ 471 դրամից հասնելով մինչև 664 դրամի։ Եվրոպական երկրներում նույնպես տեղի են ունեցել դիզելային վառելիքի գնի բարձրացումներ։ Օրինակ՝ Էստոնիայի Հանրապետությունում դիզելային վառելիqը տարեսկզբի համեմատ թանկացել է շուրջ 200 դրամով (շուրջ 32 տոկոսին համարժեք), Ռումինիայի Հանրապետությունում ՝ շուրջ 650 դրամից դարձել է 860 դրամ (շուրջ 32 տոկոս թանկացում), թեև հանդիսանում է նավթավերամշակող պետություն։

Դիզելային վառելիքի շուկայում Հանձնաժողովի ուսումնասիրությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել