Նախադպրոցական կրթության ոլորտում կկարգավորվեն հրատապ լուծում պահանջող հարցեր․ Ժաննա Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Հարցը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով հնարավորություն կստեղծվի կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում այս պահին կարեւոր ու հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործադիրը ներկայացրել է հիմնականում խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք վերաբերում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի որոշ դրույթների համապատասխանեցմանը: Առաջարկվող փոփոխությամբ որոշակի ճկունություն կապահովվի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում:

Պատգամավոր Կնյազ Հասանովը հետաքրքրվել է, թե այն համայնքներում, որտեղ մեծամասամբ ապրում են ազգային փոքրամասնություններ, արդյոք կիրառո՞ւմ են իրենց մայրենի լեզուն` համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի:

«Մենք չունենք նման իրավիճակ, որ ազգային փոքրամասնությունների լեզվով նախադպրոցական կրթություն իրականացվի, բայց օրենքն այդ հնարավորությունն ընձեռում է: Մենք պատրաստակամ ենք համայնքների հետ համագործակցելով իրականացնել այդ հնարավորությունները»,- պատասխանել է Ժաննա Անդրեասյանը:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել