«Սնդիկի մասին» օրենքն ուժի մեջ մտավ

«Սնդիկի մասին» օրենքն այսօր՝ ապրիլի 22-ին, ուժի մեջ է մտնում։

Դրանով կարգավորվում են  Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ օրենքի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:

Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից։ Դրա նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:

Ի կատարումն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների 2020 թվականից հետո Կոնվենցիան վավերացրած երկրները Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն արգելում են Կոնվենցիայում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը և արտահանումը։

Օրենքի ուժի մեջ մտնելով արգելվում է սույն մասով նախատեսված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը.

1) Մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է, և օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է.

2) Անջատիչներ և ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների և կորստի չափման կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով.

3) Փոքր չափի լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար 30 վատտ կամ պակաս հզորությամբ, որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը` լամպի մեկ այրիչի հաշվով.

4) Խողովակաձև լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար.

ա. մինչև 60 վատտ հզորությամբ եռագույն լյումինոֆորով և լամպում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ,
բ. հալոֆոսֆատային լյումինոֆորով, 40 վատտ կամ պակաս հզորությամբ և լամպում 10 մգ-ից ավելի սնդիկի պարունակությամբ.

5) Բարձր ճնշման սնդիկային լամպեր ընդհանուր լուսավորության համար.

6) Սառը կաթոդային լյումինեսցենտային լամպեր և արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպեր էլեկտրոնային դիսփլեյների համար.

ա. կարճ (մինչև 500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 3,5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով,
բ. միջին (500 միլիմետրից ավել մինչև 1 500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով,
գ. երկար (1 500 միլիմետրից ավել), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 13 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.

7) Կոսմետիկ միջոցներ, որոնցում սնդիկի պարունակությունը 1 մաս/միլիոնից ավելի է, այդ թվում` մաշկը գունաբացող օճառներ և քսուքներ՝ բացառությամբ աչքի շրջանի այն կոսմետիկ միջոցների, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես կոնսերվանտ, և որի համար առկա չեն արդյունավետ և անվտանգ կոնսերվանտփոխարինիչներ.

8) Պեստիցիդներ, բիոցիդներ և տեղային հակասեպտիկներ.

9) Ոչ էլեկտրոնային հետևյալ չափիչ սարքավորումները՝

– բարոմետրեր,
– հիգրոմետրեր,
– մանոմետրեր,
– ջերմաչափեր,
– սֆիգմոմանոմետրեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել