Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանում նոր բողոքի ցույցեր են հասունանում։ Վստահ եմ՝ բազմամարդ երթեր են լինելու, հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ… Չնայած բոլորս ենք հասկանում, թե ծայրահեղ ինչ ծանր վիճակում ենք՝ այնուամենայնիվ սա չի կարող հուսադրող չլինել։ Մի քանի օր առաջ գրել էի, որ մտածելու ու որոշում կայացնելու գիշեր է։ Պետք է անկեղծ ասեմ՝ այդ գրառումս շանտաժի էլեմենտ ուներ։ Եվ այն ուղղված էր առաջին հերթին հենց իմ ընկերներին։ Իսկ գրառումիցս մոտ մեկ ժամ անց՝ գիշերվա 2։30-ի սահմաններում ինձ զանգեց Իշխան Սաղաթելյանն ու ասաց. «Ես իմ որոշումն արդեն ունեմ»։
Իր որոշումը կայացրեց նաև Արթուր Վանեցյանը, ով մոտ մեկ շաբաթ է արդեն պահում է առաջիկա պայքարի կարևորագույն հարթակներից մեկը՝ Ազատության հրապարակը։
Իրենց որոշումը կայացրել են նաև հանրապետականները՝ մեր պետականության ամենանվիրված ու վստահելի քաղաքական զինվորները։
Իրենց որոշումը կայացրել են նաև ընդդիմադիր ֆրակցիաների մաս կազմող քաղաքական մյուս ուժերը, տարբեր այլ արտախորհրդարանական կուսակցություններ, հասարակական գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ։ Չկա գեթ մեկ մարդ, ումից ունեի սպասելիք և այդ սպասելիքս չի արդարացվել։ Բոլորը շարք են կանգնել, բոլորը զբաղեցրել իրենց դիրքերը։ Մնում է ամենադժվարը՝ ճիշտ քայլերով առաջ գնալը։ Եվ հենց սրա մասին եմ հիմա ուզում մի քանի խոսք ասել պայքարի առաջամարտիկներին։
Հարգելիներ, մեր այս պայքարի օրակարգը շատ ավելի ընդգրկուն է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Սա Արցախն ու Հայաստանը փրկելու ծրագիր չէ միայն։ Ոչ էլ, առավել ևս, երկիրը կապիտուլյանտներից ու դավաճաններից ազատելու գործ։ Իհարկե, այս երկուսը պետք է մեր գլխավոր նպատակը լինեն։ Բայց այդ նպատակին մենք կհասնենք, եթե կարողանանք լուծել բոլոր խնդիրներից ամենակարևորը՝ հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։ Մեր ժողովուրդը հստակ պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջն ու նաև մեր մեջ։ Մեր ժողովուրդը կրկին պետք է ունենա ուղենիշներ և մեր ժողովուրդը պետք է վերականգնի իր շահից բխող որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Իսկ դրա համար ոչ ոքի ոչինչ պետք չէ սովորեցնել։ Պետք է պարզապես անկեղծ լինել ժողովրդի հետ շփումներում ու պատրաստ լինել մեծ զոհողությունների։
Երկրորդ, Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև ողջ տարածաշրջանի, հնարավոր է նաև այլ տարածաշրջանների ապագան։ Ընդդիմությունը սա պետք է լավ գիտակցի և միշտ գիտակցի, որ Երևանում հնչած ամեն խոսք լսվելու է ոչ միայն մեր փողոցներում ու հրապարակներում, այլև Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում և աշխարհաքաղաքական այլ կենտրոններում։ Սա Հայաստանի վերածննդի և մեծ քաղաքականություն վերադառնալու լավ հնարավորություն է, որից անպայման պետք է օգտվել։ Այնպես որ, Աստծով, հարգելի ընկերներ։ Թող իրագործվեն ձեր ամենաազնիվ բոլոր մտադրությունները»։