Կառավարությունն ապրիլի 22-ի նիստում հավանություն է տվել «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» որոշման նախագծին:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Որոշման համաձայն` Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայողների համար (թվով 320 ծառայող) նախատեսված է երկու տեսակի ամենօրյա համազգեստի լրակազմ՝ քողարկող և մուգ կանաչ համազգեստներ: Նախատեսվում է գործածությունից հանել քողարկող համազգեստը, ինչը պայմանավորված է համազգեստի թվային պատկերով` նկատի ունենալով որ այդ տեսակի համազգեստը հիմնականում օգտագործվում է ՀՀ զինված ուժերի բանակային ստորաբաժանումներում:
Ինչ վերաբերում է կարճաթև շապիկների ձեռքբերմանը, ապա ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով մեկ շապիկի համար, արդեն իսկ նախատեսվել են ֆինանսական միջոցներ, իսկ երկրորդի ձեռքբերումը հնարավոր է փիրուզագույն ամենօրյա համազգեստի ժամկետների երկարացման հաշվին:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել Հայաստանի կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 668-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու կառավարության որոշման նախագիծ:
Նախագիծի ընդունմամբ կտնտեսվի տարեկան մոտ 60 միլիոն դրամ: