Կառավարությունը ապրիլի 22-ի հերթական նիստին որոշում ընդունեց հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին, որի հիմնական նպատակը պառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումն է, հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներիկիրառմամբ սպառողին տրամադրվող վառելիքի չափաքանակների թերլցումների վերացումը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսանում ԳՕՍՏ 8.400-2013 միջպետական ստանդարտը, հեղուկ վառելիքի լցավորման կայաններում չափանոթների կիրառմանն առնչվող ԵԱՏՄ անդամ պետություններում գործող նորմերը:
2021թ. ապրիլի 7-ի ՀՕ-142-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն ՝ «17.2. Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով: Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Ակնկալվում է ապահովել սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացում, նվազեցնել և բացառել հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները։
Որոշման նախագծով չափանոթներին ներկայացվող հիմնական պահանջներում նախատեսվել է նաև, որ չափանոթների հարաբերական սխալանքը 20 °С ±10 °С ջերմաստիճանի դեպքում չի կարող գերազանցել ± 0,5%: Միաժամանակ սահմանվել է, որ վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը չի կարող գերազանցել 1 %-ը, հաշվի առնելով վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքի առավելագույն հարաբերական սխալանքը, որը ± 0,5% է։ Չափանոթը հեղուկ վառելիքով լիցքավորման ժամանակ վառելիքի արտանետումը բացառելու նպատակով նախատեսվել է նաև չափանոթների բկանցքի վրա փրփրամարիչի, ջերմաչափի (ջերմաստիճանի տվիչների) և հարթաչափերի առկայության պահանջ։
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։