Արցախի հիմնախնդրով հայկական կողմից նշաձողն իջեցնելու ինչ հորդորներ են եղել․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության հերթական նիստից առաջ անդրադարձավ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի արդյունքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հնարավորություններին և հարակից այլ թեմաների:

«Այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է: Դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետն է, և դրան մեր արձագանքը, որը, ըստ էության, ամբողջությամբ հրապարակվել է հարցազրույցների, ելույթների ընթացքում: Այս գործելակերպը մենք շարունակելու ենք նաև հետագայում՝ այնքանով, որքանով թույլ կտա դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկան:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իմ հայտարարություններին հաջորդած շահարկումներին, թե նախկինում հայտնի չի եղել նման որևէ հորդորի մասին, պիտի տարակուսանքս հայտնեմ այս փաստի առիթով, և ահա թե ինչու՝

Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով: Անորոշ ասելով, ընդ որում, նկատի էին առնվում տասնամյակներ, եթե ոչ ավելի: 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որումÕ այնպիսի ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովը: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր 1999 թվականի «Ընդհանուր պետության» գաղափարը: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր 2001 թվականի Քի Վեսթյան գործընթացը, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված էին 2016 թվականի հունվար-հուլիս-օգոստոսի երեք առաջարկները: Նշաձողն իջեցնելու այդպիսի ուղիղ և անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյանների ընդունած տարբեր փաստաթղթեր: Եվ այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել: Հենց նրանում է իրավիճակի ամբողջ նրբությունը, որ ես հարկ եմ համարում, որ հանրությունը սրա մասին իմանա, և այն, որ հնարավորինս շատ քարտեր եմ բացում հանրության առաջ, վկայությունն է, որ հանրության առաջ հաշվետու լինելը կարևոր հանգամանք է մեզ համար:

Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ առումով մեր մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում, և, ինչպես ասել եմ ապրիլի 14-ին խորհրդարանում իմ ունեցած ելույթում, ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի ղարաբաղցի, արցախցի և հայ: Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում կամ Լեռնային Ղարաբաղում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար և ընդունելի չի լինելու երբեք:

Սա է հարցի առանցքը, հարգելի, գործընկերներ, մնացածը, կներեք, բաժակաճառ է: Եվ այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու, և Արցախը հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը: Բայց նաև կարող ենք վստահ լինել, որ մենք դա թույլ չենք տա անել: Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա դա անել: Նաև թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն: Թույլ չենք տալու, որովհետև համոզված ենք, որ հենց խաղաղության օրակարգն է, որ ապահովելու է Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագան»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել