Ապրիլի 22-ը Ազատության հրապարակում հանուն հայրենիքի զոհված տղաների հավերժության և կենդանի ներկայության օրն է. 5165

Ազատության հրապարակում ապրիլի 21-ին հավաքված մարդկանց դիմելով՝ Կարին Տոնոյանը եւս մեկ անգամ հիշեցրեց.

«Ապրիլի 22-ը հայտարարել ենք զոհված զավակների հավերժության եւ կենդանի ներկայության օր: Ես իմ որդու միջոցով բոլոր մեր տղաներին հրավիրելու եմ այստեղ։ Մեր զոհվածների ընտանիքների բոլոր անդամներին ես կոչ եմ անում գալ այստեղ, գալ հոգևոր հանդիպման ու զգալ այդ ուժը, որը ես ամեն անգամ զգում եմ Եռաբլուրում: Եթե դուք գնում եք Եռաբլուր, ապա զգացել եք, թե այնտեղ ինչ խաղաղություն եւ հզորություն կա, ինչ ուժ կա,վաղն այդ ուժը մայրերի կանչով այստեղ ենք բերելու: Եկեք մեր տղաներից ուժ առնենք, քանի որ մենք նրանց պարտք ենք երազանք»:

Մենուա Սողոմոնյանը խոսեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր իսկ հեղափոխության արժեքներն ու սկզբունքները.

«Խոսել է պատասխանատվության մասին, նրա բոլոր քայլերն անպատասխանատվության մասին են: Պատերազմը սկսեց, ասաց՝ ես չեմ մեղավորը, այլ նախկիններն են, պարտվեց, ասաց՝ ես չեմ մեղավորը, զինվորականներն ու գլխավոր շտաբն է մեղավոր, որ ինձ ճիշտ չէին զեկուցել: Ադրբեջանցիները Սիսիանում առաջ եկան, ասաց՝ ես չեմ մեղավորը, Արշակ Կարապետյանն էր մեղավորը: Վերջին մեկուկես տարվա ընթացքում երեք ԳՇ պետ է փոխում, երեք Պաշտպանության նախարար է փոխում: Հիմա ԳՇ պետ չունենք, Պաշտպանության նախարարն էլ՝ լավ է, որ չունենայինք»: 

Արսեն Գրիգորյանը (Մրո) Ազատության հրապարակում իր ելույթի ընթացքում շեշտեց՝ կեցցե՛ն բոլոր նրանք, ովքեր իրենց ես-ը թողել ու հիմա մենք-ով են տառապում. առանց դրա մենք չենք կարող որևէ բանի հասնել.

«Քիչ առաջ հարց տվեցին՝ ո՞ւր են երգիչները, արվեստի գործիչները: Շատերն էլ հանդիպումների ժամանակ ասում են՝ սա ի՞նչ դարձավ, մենք մեր երկիրն ու ինքնությունն էինք կորցնում, ու՞ր հասանք, որտե՞ղ էինք։ Հիմա դիմում եմ Ձեզ` բոլորիդ, եկեք միասին պայքարենք, որպեսզի չկորի մեր պետությունը, ինքնությունը: Ոչ մեկ մեր փոխարեն չի պայքարելու, եթե մենք նստենք տանը ու համացանցում ստատուսներ գրենք՝ ոչ մի բան չի լինելու։ Դուրս եկեք համացանցից, եկեք մեր վերաբերմունքն ու արժեւորումը ցույց տանք մեր երկրին ու զոհված տղերքին։ Սա քաղաքական խնդիր չէ: Ես ի՞նչ քաղաքական գործիչ, սա ազգային խնդիր է,որն ամբողջ աշխարհի հայությանն է վերաբերվում: Ձեր ոգեւորվածությունը ցույց տվեք ու եղեք այստեղ, եկեք միասին ցույց տանք, թե ով է հայրենիք սիրում։ Երբ մի քանի օր առաջ ինչ-որ մեկն ասում էր ՝ սրանք ի՞նչ հայրենասեր։ Այո մենք ենք հայրենասերները, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել մեր հայրենասիրությունը: Սա մեր տունն է, որը հիմա հարկավոր է պաշտպանել:Մի կորցրեք ձեր հույսը, մենք մեր պահանջով արդար ենք: Հավատացե՛ք, մեր պայքարը հենց այնպես չի՛ լինելու»։ 

Ավետիք Չալաբյանը, օրինակ բերելով աշխարհաքաղական տարբեր իրադարձություններ, նշեց, որ Փաշինյանը ուզում է Հայաստանը վերածել Սիրիայի.

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի օգնենք Արցախի զինված ուժերին, բարձրացնենք նրանց մարտունակությունն ու դիմադրությունը: Որ նրանք, աշխատելով ռուսական զորակազմի հետ, կարողանան այս խառնակ ժամանակներում Արցախը պաշտպանել: Որ Փաշինյանն անգամ շատ ուզելու դեպքում չկարողանա հանձնել Արցախը:Մենք թույլ չենք տալու, որ ռուսական զորակազմն Արցախից դուրս գա։ Հիմա կան մարդիկ, ովքեր նստած սպասում են, որ ՌԴ-ն պարտվի Ուկրաինային, որ Անդրկովկասը դառնա թուրքի բաժին: Մենք դա թույլ չենք տալու, որ ռուսներն Արցախից դուրս գան և մենք մնանք միայնակ Արդբեջանի դեմ։ Դա Արցախը հանձնելու ուղիղ ճանապարհն է, որը մենք թույլ չենք տալու: Փաշինյանը մեր ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավար չի նշանակում, որ չաջակցի: Պետական ֆինանսավորումը հետ է ուղարկվում: Ի հեճուկս դրան` այդ ընկերությունները մեծ գործ են անում»։ 

Հայաստանի դիվանագիտական հնարավորությունների մասին իր դիտարկումները ներկայացրեց հանրային գործիչ Հովհաննես Ղազարյանը.

«Նրանք մեզ ուղիղ տեքստով ասում են, որ Նիկոլն ուժեղ մանդատներ է ստացել, գնացեք, նստեք ու համակերպվեք այն ամենի հետ, ինչ կա: Մենք ներկայացնում ենք ԱԺ-ին Արցախի ճանաչման պահանջը, բայց նրանք մեզ չեն կանչում,որ լսեն։ Կարող է մենք խելացի բան ենք ասում: Այդ մարդիկ բարձր գոռում են ժողովրդավորության մասին, բայց մեզ ուզում են համոզել, որ հիմա մենք մեր ազատ խոսքը չարտահայտենք, չասենք, որ երկիրը կործանում են իրենք։ Որ կարողանան իրենց գործն ավարտին հասցնել: Ես հիմա խոսքս հղում եմ այն մարդկանց, ովքեր համարում են, որ Փաշինյանը մեզ տանում է կործանման ու չեն գալիս այստեղ: Ազատության հրապարակը պետք է դառնա մեր ազատ խոսքի արտահայտման տեղ, վերջիվերջո այստեղից է սկսվել մեր անկախությունը: Տղերքը խոսում են անկախության սերունդից, ո՞րն է այդ անկախության սերունդը, որտե՞ղ են նրանք։ Մեր երկրի ղեկավարն այսօր փաստացի դիվանագիտական դաշտում պարտվում է, հիմա նորից տանուլ է տալիս այդ ոլորտում. ինչ փաստաթուղթ տալիս են, ստորագրում է: Մեր համոզմունքն է, որ այս իրավիճակից միայն կարող է հանել հայրենասեր ու պրոֆեսիոնալ կառավարությունը: Եկեք միասին գտնենք այդ լուծումները։ Ինքս սխալվել եմ` հավատալով, որ նա որևէ բան կարող է փոխել այս երկրում, հիմա այս սխալն ուղղելու ժամանակն է, պետք է պայքարենք»:

«Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը եւս հայտնեց իր կարծիքը, նշելով, որ Ազատության հրապարակ եկել է չարիքին հաղթելու նպատակով:

«Երբ սատանան մտավ Եդեմի պարտեզ, նա Ադամին ու Եվային ասաց` դուք Աստվածներ կդառնաք, երբ այս սատանան եկավ, ասաց՝ դուք բոլորդ վարչապետ եք. այս պտուղը կերավ ժողովորդը, բայց եկավ ժամանակ, երբ նրանք ստրուկ դարձան: Հանե՛ք ձեր մեջից ստրուկի գաղափարախոսությունը, մենք աշխարհին Քրիստոնեություն ենք քարոզել, որը մարդասիրություն է, իսկ այսօր ատելություն է գերեներացվել: Մարդիկ իրենց համար կուռքեր են սարքել, բաժանվել խմբերի եւ ատում են իրար»,-ասաց նա` հավելելով, որ այնքան վախեցած են իրենցից, որ «Սև հովազ» ջոկատի տղերքի տները մտնում են խուզարակության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել