Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքը կախված է Մոսկվայի օրինական պահանջները հաշվի առնելու Կիևի պատրաստակամությունից: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացի հեռանկարներին, ապա հաստատվեց ռուսական սկզբունքային դիրքորոշման անփոփոխությունը. բանակցությունների արդյունքն ամբողջությամբ կախված է Կիևի՝ մեր օրինական պահանջները հաշվի առնելու պատրաստակամությունից», – ասել է Լավրովը:
Նշվում է նաև, որ Չավուշօղլուն երախտագիտություն է հայտնել Մարիուպոլի մզկիթներից մեկում գրոհայինների կողմից պատանդներին ազատ արձակելու հարցում ՌԴ զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի ցուցաբերած օգնության համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։