ԵՄ օրենսդրական գործընթացի վերաբերյալ դասախոսությունից մինչև ինտելեկտուալ խաղ. օր երրորդ

Այսօր՝ հուլիսի 10-ին, Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի երրորդ օրն էր:

Գերմանիայի Կոբլենզի կիրառական գիտությունների համալսարանի Ռեմագեն քաղաքի Ռեյնահր կամպուսի դասախոս Հայնց Վիլհելմ Շաումանը ներկայացրեց Եվրոպական միության օրենսդրական գործընթացը, ԵՄ իրավունքի համակցությունն անդամ-պետությունների իրավունքի հետ, ինչպես նաև ԵՄ մրցակցային և կոորպորատիվ իրավունքը: Վերջինս ավարտեց ամառային դպրոցի համար սահմանված թեմաներով դասախոսությունները:

«Ես հիանալի տպավորություններով եմ հեռանում այստեղից: Իրավաբանները,իսկապես, բավականին հիմք ունեին Եվրոպական իրավունքի վերաբերյալ, ինչն ինձ իսկապես ուրախացրեց »,- Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայնց Վիլհելմ Շաումանը:

Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի մասնակիցների համար ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար, դոցենտ Աշոտ Եսայանը խոսեց Կրթության և մշակույթի ոլորտներում Եվրոպական միության քաղաքականության իրավական հիմքերից, նրանց նվիրեց իր հեղինակած «Կրթական իրավունք» ուսումնական ձեռնարկը:

Դասընթացի խմբային գործնական աշխատանքում իրավաբանները քննարկեցին Եվրոպական միության կոորպորատիվ և մրցակցային իրավունքների վերաբերյալ իրավական խնդիր, առաջարկեցին դրա լուծման եղանակները ԵՄ գործունեության շրջանակներում:

Ամառային դպրոցի մասնակիցները դասընթացից հետո քայլարշավի գնացին, իսկ օրվա ավարտին իրենց ուժերը փորձեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել