Գերմանիայի Համմի երկրամասային գերագույն դատարանում 25 տարի դատավոր աշխատող Նորբերտ Քոստերը Գերմանիայի արդարադատության համակարգում որևէ կոռուպցիայի դեպքի մասին չի լսել: Այս մասին նա հայտնեց Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:
Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ Նորբերտ Քոստերը հիշեց, որ դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ մի դատախազի մասին է լսել, ով ոչ թե կաշառք է վերցրել, այլ թենիսի առաջնության համար հանգանակություն է կազմակերպել: Դրա համար վերջինս հեռացվել է պաշտոնից:
Դատավորը ևս մի հետաքրքրաշարժ դեպք պատմեց.փաստաբանը գործի նյութերին ծանոթանալուց հետո, այն տարել է դատավորի աշխատասենյակ: Դուրս գալուց րոպեներ հետո՝ դատավորը գործի նյութերի մեջ 1000 մարկ է գտել: Նա վերցրել է այն և դուրս եկել փաստաբանին գտնելու: Փաստաբանը դատավորից ներողություն է խնդրել՝ նշելով, որ ինքը սովորություն ունի 1000 մարկանոցը որպես էջանիշ օգտագործելու:
«Մենք Գերմանիայում շատ լավ պայմաններում ենք աշխատում, ինչի համար շատ ուրախ ենք: Օրինակ, եթե ես 250 եվրո վերցնեմ մեկ որոշման համար, ապա ես կկորցնեմ իմ իշխանությունը: Դա մեզ համար անթույլատրելի է»,- ասաց Գերմանիայի Համմի երկրամասային գերագույն դատարանի դատավորը՝ հավելելով, որ պետական մարմինների կողմից ևս երբևէ ճնշում չի եղել իրենց նկատմամբ:
Իրավաբան.net