Իտալիայի ԱԳՆ-ն՝ գազի դիմաց ռուբլով վճարելու մասին

Իտալիան չի կարող ռուսական գազի մատակարարումների համար վճարել ռուբլով, քանի որ դա կնշանակի շրջանցել եվրոպական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Դի Մայոի խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը էմբարգո է դնում իրենց երկրի դեմ։

Նախարարը կրկնել է, որ Հռոմն աշխատում է այլ երկրներից գազի մատակարարման նոր կապուղիներ ստանալու ուղղությամբ: Ալժիր կատարած վերջին այցից հետո վարչապետ Մարիո Դրագին ապրիլի 20-21-ը կայցելի նաև Անգոլա և Կոնգո։

«Համոզված եմ, որ Իտալիան չպետք է հանդուրժի որևէ շանտաժ: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մատակարարումները: Բայց ակնհայտ է, որ այս հարցում ծայրահեղ զգուշություն է անհրաժեշտ»,- ասել է արտգործնախարարը:

Նշենք, որ Արևմտյան երկրները սկսել են հակառուսական պատժամիջոցներ սահմանել՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանն ի պատասխան։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ արեւմտյան պատժամիջոցները շատ լուրջ են, սակայն Ռուսաստանը դրանց նախապես էր պատրաստվում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ Մոսկվան կլուծի իր համար Արեւմուտքի ստեղծած բոլոր տնտեսական խնդիրները։

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ համապատասխան հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանը քննարկում է ոչ բարեկամ երկրների կողմից գազային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների դադարեցում, եթե նրանք ապրիլի 1-ից գազի դիմաց ռուբլով չվճարեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել