Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն անձնավորությունը, որն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, այսօր Ազգային Ժողովի ամբիոնից ներողություն է խնդրում, որ Արցախի հարցում ինքն անկեղծ չի եղել և խաբել է մեզ, և ես էլ՝ որպես խմբակցության նախկին անդամ, հաստատում եմ, որ ինքը խաբել է մեզ բոլորիս, որովհետև նա ասում էր, որ Արցախի հարցում միանձնյա որևէ որոշում չի կայացնելու, ամեն ինչ որոշելու է արցախցին, իսկ հիմա ներողություն է խնդրում և պատրաստակամություն հայտնում Արցախի կարգավիճակը քննարկելու Ադրբեջանի կազմում:
Ու այստեղ հարց է առաջանում՝ իսկ արդյոք հարյուր հազարից ավելի արցախցիներն, ովքեր ապրում են այսօր Արցախում, կներեն Նիկոլ Փաշինյանին՝ իրենց Ադրբեջանին զոհաբերելու համար:
Ինչպե՞ս կարող է Հայաստանի որևէ իշխանություն Արցախը դիտարկել Ադրբեջանի կազմում, վստահ եմ, որ որևէ արցախցի որևէ ներողություն չի ընդունելու, որովհետև Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում՝ նշանակում է հարյուր հազարավոր մարդկանց թողնել բախտի քմահաճույքին, և ցեղասպանության ամենօրյա վտանգը կախված կլինի յուրաքանչյուր արցախցու գլխին։
Իսկ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ արգելելը մեծագույն խայտառակություն էր:
Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն փորձում է այդ խայտառակությունն այս անգամ էլ ռուս խաղաղապահների վրա բարդել, ես համոզմունք ունեմ, որ իշխանության ներկայացուցիչները, ովքեր երեկ ամբողջ օրը ԱԺ ամբիոնից թիրախավորում էին ընդդիմադիրներին, իրենց ելույթներով և բառամթերքով տվեցին հրահանգ բոլոր ուժային կառույցներին, որպեսզի ընդդիմադիրների մուտքն Արցախ արգելվի: Կրկնում եմ՝ սա խայտառակություն է, որի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են»,- գրել է նա: