«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս մարդուն/մարդկանց թվում է, թե միջազգային հանրություն ասվածին պետք է դուր գալ փափուկ լինելով, ամեն հարցում հարմարվողականություն ցուցաբերելով, սեփական իրավունքները ինչ-որ պաթետիկ խաղաղության դիմաց զիջելով։
Այս մարդը կարծում է, որ խաղաղության մասին անդադար խոսելով, տարածքային զիջումների գնալով կարողանալու է խնդիրներ լուծել ու խաղաղություն հաստատել։
Միջազգային հանրության հետ տասնամյակներ շարունակ վատ աշխատելով, Ռուսաստանի կցորդը լինելով՝ վերջում ասել, թե միջազգային հանրությունը մեր օգտին չի դիրքավորված, ներողություն, բայց տկարության մասին խոստովանություն է։
Խորհուրդս Փաշինյանին. հրապարակային խոստովանությունների շարք սկսեք, ասեք, թե Ռուսաստանի կողմից ի՞նչ ճզմիչի տակ եք եղել, պատերազմից առաջ և հետո, ի՞նչ են պարտադրել, նախկին իշխանությունների պայմանավորվածությունները գաղտնազերծեք ու հրաժարական տվեք. այդ աթոռը պետության համար պայքարողի աթոռն է։
Հ.Գ. հայրենակիցնե՛ր, պատրաստվե՛ք ինքնապաշտպանության, մենք գոյության կռիվ ունենք տալու»,- գրել է նա։