Մակրոնն ասել է, որ ծրագրում է առաջիկա օրերին կրկին խոսել Պուտինի և Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ծրագրում է առաջիկա օրերին նոր հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի France 2 հեռուստաալիքի եթերում։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

Մակրոնը նաև ասել է, որ գործադրում է բոլոր ջանքերը Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և այնտեղ խաղաղությունը վերականգնելու համար։ Միաժամանակ նա համաձայն չէր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, ով պնդում էր, թե այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, իրեն «ցեղասպանություն» է թվում։

«Ես ցանկանում եմ շարունակել ջանքերը դադարեցնելու այս հակամարտությունը և վերականգնել խաղաղությունը: Չեմ կարծում, որ խոսքերի սրումը ծառայում է այս նպատակին»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Մակրոնը փետրվարի 7-ին այցելել է Մոսկվա՝ իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների համար։ Հաջորդ օրը Ֆրանսիայի ղեկավարն այցելել է Կիև։ Մոսկվայում երկխոսությունից հետո Մակրոնն ու Պուտինը պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում։ Վերջին շաբաթների ընթացքում եղել է ինը զրույց:

————–

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել