Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է Հայաստանում Իրանի Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Աննա Մազմանյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Այսօր հնարավորություն ունենք քննարկելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրերի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը»,-ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը։
Վկայակոչելով հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերութունները, նախարարը փաստել է, որ առկա են բոլոր նախադրյալները բնապահպանության ոլորտում համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին շրջակա միջավայրի ոլորտում, քննարկել ընթացիկ աշխատանքային հարցերի լայն շրջանակ:
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը զեկույցի տեսքով իրանական կողմի գործընկերներին է ներկայացրել երկկողմ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։
Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը կրկին անդրադարձել է երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին․
«Հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեր երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ մենք կարևորում ենք ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու ակտիվացումը։ Համատեղ ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչումը վստահաբար կնպաստի նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,-նշել է նախարարը և վերահաստատել հավատարմությունը ընդհանուր հիմնարար արժեքներին։