Հաշվի առնելով կոռուպցիայի աշխարհագրական ընդլայնվածությունը, կոռուպցիոն դրսևորումների բազմազանությունը և դրա դեմ անզիջում պայքարի օբյեկտիվ հրատապությունը՝ պետություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերը մեկտեղելու թե՛ ներպետական, թե՛ միջազգային հարթակներում կոռուպցիոն սխեմաները բացահայտելու և կոռուպցիայի նկատմամբ համակարգված պայքարելու հարցում:
Այս մասին նշվում է Հակակառուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարության մեջ։
Դրանում ասվում է, որ դեպի իրական ժողովրդավարություն իր աներկբա ու գիտակից ընտրությունը կատարած հայ ժողովուրդը չունի կայուն զարգացման այլընտրանք, քան կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողականության և անընդունելիության չբեկվող մթնոլորտի ու վերաբերմունքի ձևավորումը: Բացառապես հիշյալ գաղափարի խորը արմատավորման դեպքում է հնարավոր և իրական նյութականացնել ժողովրդավարություն վայելող իշխանություններից ակնկալվող հանրային օբյեկտիվ սպասումներն ու հույսերը: Այս համատեքստում ավելորդ չէ մեկ անգամ ևս արձանագրել, որ միջազգային և ներպետական մակարդակներում պետությունները բազմիցս վերահաստատել են կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա:
«Հայաստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնացել վերոնշյալ զարգացումներից և գործընթացներից: Նախորդ տասնամյակների ընթացքում ՀՀ Կառավարությունը հրապարակային ելույթներում և միջազգային ձևաչափերում շարունակաբար հայտարարել է կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու նպատակադրման մասին: Բայցևայնպես, նշված նպատակադրումը չի ունեցել իրական քաղաքական կամք և չի ուղեկցվել հակակոռուպցիոն քաղաքականության իրական խնդիրների հայտնաբերման, թիրախավորման և դրանց համակարգային ու հիմնարար լուծմանն առնչվող կոնկրետ գործնական քայլերով: Հարկ է փաստել, որ չնայած այն իրողությանը, որ ՀՀ ունեցել է հակակոռուպցիոն երեք ռազմավարություն՝ համապատասխան միջոցառումների ծրագրերով, կոռուպցիայից բխող անբարենպաստ հետևանքներն իրենց բոլոր դրսևորումներով հանդերձ, դեռևս շարունակում են աննահանջ տեղ զբաղեցնել հասարակական կյանքի բազմազան ոլորտներում: Դրա մասին են վկայում ինչպես նախընթաց տարիներին կոռուպցիայի գործող մակարդակի վերաբերյալ առկա հանրային ընկալումն ու տրամադրությունները, այնպես էլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ամենատարբեր գնահատական-զեկույցները, ցուցանիշները:
Այսպես, օրինակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (2014-2018թթ.) մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցով նշվում է, որ չնայած ոլորտում իրականացված փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը չի գրանցում շոշափելի և տեսանելի հաջողություն քաղաքական կամքի դրսևորման բացակայության պատճառով: Ասվածին գումարվում է նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշը, որն ուղղակիորեն փաստում է Հայաստանում կոռուպցիայի համակարգային բնույթը:
Վերոնշյալը, ի թիվս այլ առարկայական հանգամանքների, հիմք դարձավ քաղաքացիների աննախադեպ, պատմական և ժողովրդական ընդվզման: Տարիներ ի վեր իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կուտակված հիմնարար խնդիրները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման անբավարար մակարդակն ու իհարկե, կոռուպցիայի դեմ իրական պայքարի բացակայությունն էին հենց, որ դարձան 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության պատճառ: Ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ գործնականում իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իր երազանքը: Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց իրավունքի գերակայությամբ, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներով ապահովված և կոռուպցիայից զերծ երկիր ունենալու աներեր պահանջով, իսկ ժողովրդական հեղափոխության հաղթանակի արդյունքում ձևավորված իշխանությունը ստանձնեց հիշյալ կամքի իրացման պատասխանատու հանձնառությունը: Բնական է, որ հիշյալ հանձնառության իրացումը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքարը որպես գերակա ուղղություն հռչակելու հաստատապես ձևակերպված կամք և վճռականություն, ինչի սկիզբն արդեն իսկ դրվել է 2019 թվականի փետրվարի 14-ի «ՀՀ Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշմամբ և քաղաքական ամենաբարձր մակարդակով գործնականում ձեռնարկված համակարգային կոռուպցիան վերացնելու հստակ գործողություններով։
ՀՀ Կառավարության ծրագրում որպես ՀՀ Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշներ սահմանվեցին կոռուպցիայի դեմ առավել թիրախավորված և արմատական պայքար մղելը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրության առկայությունը: Ընդ որում, նախատեսվեցին նաև մի շարք հիմնարար, հայեցակարգային պահանջներ, որոնք արդեն իսկ ենթադրում են դրանց շրջանակներում առավել կոնկրետ և հասցեական միջոցառումների իրականացում:
Կառավարության ծրագրի տրամաբանական շարունակությունը և իրացման կենսաձևն, անշուշտ, պետք է համարել Հայաստանի Հանրապետության նոր հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումը, որով ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ կնախանշվեն կոռուպցիայի դեմ իրական պայքարի հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները: Անհրաժեշտ է ընդգծել նաև այն, որ այս համատեքստում կարևոր նշանակություն է ձեռք բերում ՀՀ նոր հակակոռուպցիոն ռազմավարության՝ արդի մարտահրավերներից բխելու և դրանց հետ համապատասխանությունն ապահովելու հանգամանքը և, ըստ այդմ, ճշգրիտ թիրախների առանձնացմամբ առկա խնդիրների շուտափույթ լուծումը: