Քարոզչության համար ռուս զինվորականները փողոցներից դիակներ են հավաքում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս զինվորականները հավաքում են սպանվածների մարմինները՝ քարոզչության համար։ Այս մասին հայտնել է Զելենսկին իր տեսաուղերձում, փոխանցում է Украинская правда-ն:

«Ավելի ու ավելի շատ են տեղեկություններն այն մասին, որ ռուս քարոզիչները պատրաստում են, այսպես ասած Բուչայում կատարվածի հայելային պատասխան։ Նրանք պատրաստվում են ներկայացնել, որ Մարիուպոլում զոհվածներին սպանել են ոչ թե ռուս զինվորականները, այլ իբրև քաղաքի ուկրաինացի պաշտպանները։ Դրա համար զավթիչները փողոցներում դիակներ են հավաքում։ Եվ նրանք դա կարող են օգտագործել՝ իրենց քարոզչական սցենարներին համապատասխան։ Մենք գործ ունենք զավթիչների հետ, որոնց մեջ մարդկային ոչինչ չի մնացել։ Սեփական սպանությունները արդարացնելու համար, նրանք մահացածներին ընդունում են որպես քարոզչության միջոց։ Իսկ սա առանձին պատերազմական հանցագործություն է, որի համար քարոզիչներից յուրաքանչյուրը պատասխանատվության կենթարկվի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել