Ամերիկայի Միացյալ Նահանգները Մեծ յոթնյակի երկրների և Եվրամիության հետ միասին նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նախագահ Պուտինի դուստրերի, Ռուսաստանի խոշորագույն բանկերի՝ Alfa Bank-ի և Sberbank-ի դեմ և արգելում է բոլոր նոր ներդրումները Ռուսաստանում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Տեղեկանում ենք Экономическая правда-ից։
Sberbank-ը Ռուսաստանի ամենամեծ ֆինանսական հաստատությունն է, որը պատկանում է կառավարությանը, իսկ Alfa Bank-ը ամենամեծ մասնավոր բանկն է: Պատժամիջոցները կսառեցնեն նրանց ցանկացած ակտիվ, որը կապված է ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ։
Բացի այդ, պետությունները Ռուսաստանի Դաշնությունում նոր ներդրումների ամբողջական արգելք կսահմանեն։ Այդ նպատակով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր գործադիր հրաման կստորագրի, որը ներառում է ԱՄՆ քաղաքացիների կողմից Ռուսաստանում նոր ներդրումների արգելք՝ անկախ նրանց գտնվելու վայրից։
Պատժամիջոցներից են նաևՊուտինի չափահաս երեխաների, ԱԳ նախարար Լավրովի կնոջ ու դստեր, ինչպես նաև ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների, այդ թվում՝ ՌԴ նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Միխայիլ Միշուստինի ակտիվների ամբողջական սառեցումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։