Չորեքշաբթի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարզել է Բուչայից բերված ուկրաինական դրոշը և կոչ արել աղոթել անմեղ զոհերի համար և վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, հայտնում է Vatican News-ը։
«Ուկրաինայի պատերազմի մասին վերջին լուրերը, փոխանակ թեթևացում և հույս բերելու, վկայում են նոր վայրագությունների մասին, ինչպիսին է Բուչայի ջարդը։ Գնալով ավելի ու ավելի սարսափելի դաժան գործողություններ են իրականացվել նաև խաղաղ բնակչության, անպաշտպան կանանց և երեխաների նկատմամբ: Սրանք զոհեր են, որոնց անմեղ արյունը աղաղակում է դեպի երկինք և աղոթում. «Թող այս պատերազմը վերջանա: Լռեցրե՛ք զենքերը․․․Եկեք միասին աղոթենք դրա համար», – ասել է Ֆրանցիսկոս պապը։
Նա նաև պարզել է ուկրաինական դրոշը, որն իրեն բերվել էր Բուչայից։
«Այս դրոշը եկել է պատերազմից, բազմաչարչար Բուչա քաղաքից։ Մի քանի ուկրաինացի երեխաներ կան, որոնք հիմա այստեղ են՝ մեզ հետ։ Եկեք ողջունենք նրանց և միասին աղոթենք նրանց համար»,- հավելել է Պապը։
Ուխտավորների ծափերի ներքո բեմ բարձրացան Ուկրաինայից ժամանած մի խումբ երեխաներ՝ կանգնելով սրբազան հոր կողքին։ Հռոմի պապը համբուրեց դրոշը և ասաց. «Այս երեխաները փախել և հասել են օտար երկիր. սա պատերազմի արդյունքներից մեկն է։ Չմոռանանք նրանց, չմոռանանք ուկրաինացի ժողովրդի մասին»։
Հայրիկը երեխաներին նվիրեց Զատկի քաղցրավենիք, նրանցից նկարներ ու նվերներ ստացավ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։