Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ՌԴԼԿ) հաստատել է իր առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահը։ Կուսակցությունը քաղաքական գործչի կյանքից հեռանալը հարված է անվանել ողջ Ռուսաստանի համար, փոխանցում է Известия-ն։
«Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Սա հարված է ողջ Ռուսաստանի, նրա համախոհների բանակի համար։ Առանց չափազանցության կյանքից հեռացավ մի մեծ մարդ, ինքն իրեն գրառեց մեր երկրի և ողջ աշխարհի պատմության մեջ։ Բոլորս սգում ենք»,- ասված է հայտարարության մեջ։
Բժիշկները մինչև վերջի պայքարել են ՌԴԼԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կյանքի համար։ Այս մասին ապրիլի 6-ին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից։
«Առաջատար մասնագետները, բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա կյանքի համար՝ այս իրավիճակում ցուցաբերելով հնարավոր բուժօգնությունը։ Առողջապահության նախարարությունը ցավակցում է Վլադիմիր Վոլֆովիչի հարազատներին և գործընկերներին»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ Известия-ի՝ մահից մի քանի օր առաջ Ժիրինովսկու վիճակում բացասական դինամիկա է նկատվել, ջերմություն է ունեցել։ Քաղաքական գործիչը միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության ապարատին, շարունակել է հակաբիոտիկ թերապիա ստանալ։ Ստորին վերջույթների այտուցվածություն է գրանցվել, բժիշկները փորձել են բակտերիաների աղբյուրը գտնել, սակայն չի ստացվել։
Ժիրինովսկին փետրվարի 2-ին հոսպիտալացվել է Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսով։ Հետո նրա մոտ ախտորոշվել է թոքերի բորբոքում՝ 75%։ Քաղաքական գործչին միացրել են արհեստական օդափոխության համակարգին, բժիշկները նրան արհեստական կոմայում են պահել։
Մարտի 16-ին հաղորդվեց ՌԴԼԿ-ի ղեկավարի առողջության բարելավման մասին. քաղաքական գործիչը երկար ժամանակ կարող էր մնալ առանց արհեստական շնչառության ապարատի: Սակայն չորս օր անց՝ մարտի 20-ին, Известия-ի աղբյուրը հայտնել են, որ Ժիրինովսկու մոտ սեպսիս է առաջացել, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել հիվանդին կրկին արհեստական կոմայի մեջ պահել։