Չորեքշաբթի առավոտյան անհայտ անձինք փորձել են հրկիզել ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի առանձնատունը Իտալիայի Կոմո քաղաքում, գրում է Corriere della Sera թերթը։
Մարտին Իտալիայի ոստիկանությունը կալանք է դրել վիլլայի վրա այն բանից հետո, երբ Սոլովյովն ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Դեպքի վայր ժամանած հրշեջները, որոնց, ենթադրաբար, կանչել է տեղի բնակիչներից մեկը, հեշտությամբ մարել են կրակը։ Նշվում է, որ հրկիզողները անվադողեր են օգտագործել։ Հրատարակության տվյալներով՝ ներխուժածների գործողություններից տուժել է նաև Կոմո քաղաքի մեկ այլ տուն, որը ենթադրաբար պատկանում է Սոլովյովին։ Տան պատերին նրանք թողել են որոշ գրություններ։
Կոմո նահանգի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել հրկիզման վերաբերյալ՝ առգրավելով տեսախցիկների կադրերը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Սոլովյովը Կոմո քաղաքում ունի երեք անշարժ գույք՝ 8 մլն եվրո ընդհանուր արժեքով։