Էստոնիայի կառավարությունը Ուկրաինային մահաբեր զենքի խմբաքանակ է նվիրել, այդ թվում հաուբիցներ՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու համար։ Այս մասին ասված է Ուկրաինայում Էստոնիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Украинская правда-ն։
«Էստոնիան Ուկրաինային է նվիրաբերել հակատանկային հրթիռներ, հաուբիցներ, հակատանկային ականներ, հրացաններ, ավտոմատներ, զինամթերք, մեկանգամյա նռնականետեր և ձեռքի նռնակներ։ Բացի այդ, էստոնացի ձեռնարկատերերը համագործակցելով պետական կառույցների և Էստոնիայի զինված ուժերի հետ, ուկրաինացի զինվորականներին նվիրաբերել են սաղավարտներ, զրահաբաճկոններ, կապի սարքավորումներ, անօդաչու սարքեր, գիշերային տեսողության սարքեր, բժշկական պարագաներ և պաշտպանվելու համար նախատեսված այլ հագուստ:
Որպեսզի Ուկրաինան մնա ազատ, նույնիսկ ավելին է անհրաժեշտ: Էստոնիան կոչ է անում բոլոր եվրոպական երկրներին տրամադրել Ուկրաինային անհրաժեշտ զենք, ռազմական և հումանիտար օգնություն, քաղաքական աջակցություն, ինչպես նաև ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեխիան գնացքով տասնյակ T-72 տանկեր և հետևակի մարտական մեքենաներ է ուղարկել Ուկրաինա՝ պաշտպանվելու ռուսական հարձակումից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։