ԱՄՆ իշխանությունները ապրիլի 6-ին կհայտարարեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Սահմանափակումները կվերաբերեն ռուսական ֆինանսական կազմակերպություններին, պետական ձեռնարկություններին և պաշտոնյաներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Այս պահին ես ավելի մանրամասն տեղեկություններ չունեմ: Կարող եք ակնկալել, որ դրանք ուղղված կլինեն Ռուսաստանի պետական պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների, ռուսական սեփականություն հանդիսացող ֆինանսական հաստատությունների և պետական ձեռնարկությունների դեմ։ Այս հայտարարությունները կհնչեն վաղը»,- ասել է Փսակին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները կոչված են թուլացնելու Ռուսաստանի իշխանության հիմնական գործիքները։
Նա հավելել է, որ Բայդենը համոզված է, որ ԱՄՆ-Ռուսաստան պատերազմը չի բխի ամերիկյան շահերից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։