18։30-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ներկա է նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը այսօր ուզում է իր բերած աղետը հասցնել ինչ-որ կուլմինացիայի, բայց դրան պետք է վերջ տալ:
«Բոլորս պետք է հասկանանք, որ սա չենք անում ինչ-որ մեկին իշխանության բերելու համար, սա չի արվում իմ, Ձեր կամ հարթակում կանգնած որևէ մեկի համար, որոնց մի մասին շատ հնարավոր է, որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն սիրում: Պետք է հասկանալ, որ իսկապես նպատակը դա չի, այլ այս աղետը կանխելն է: Եթե մարդիկ հասկանան, որ իրենց համար ենք դուրս եկել և իրենք էլ դուրս գան փողոց համոզված եմ, որ այս պայքարը հաջողության կհասնի»,- ասաց նա:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քիչ առաջ տարածած հայտարարությանը Լևոն Քոչարյանն ասաց. «Չեմ կարծում, որ այս իշխանությունները կարող են ինչ-որ հայտարարություններից կաշկանդվել կամ ետ կանգնել: Իրենք իրենց ծրագիրն ունեն, որը մեծ հաշվով չի տարբերվում Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրից: Իրենց միայն կարող է կանգնացնել մեր ժողովուրդը՝ փողոց դուրս գալով»,- նշեց նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն էր տարածել, որում կոչ էր արել համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ: