Ասողը «ղալլաթա» անում․ Սերժ Սարգսյանը՝ «հանձնելու» վերաբերյալ բանակցելու մասին

18։30-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ներկա է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրավիճակը այժմ մտահոգիչ է․ «Եթե մտահոգիչ չլիներ, այս հազարավոր մարդիկ այստեղ չէին լինի»։

Սարգսյանը չի կարծում, որ իշխանություններին կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, կամ Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրող երկիր։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե նախկին նախագահները ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, 3-րդ նախագահը նշեց․

«Հրապարակն այն տեղի չի, որտեղ պիտի խոսենք այդ թեմայի մասին»,-նշեց նա։

Սարգսյանը չխոսեց նաև ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունենալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։ Նա նշեց միայն, որ չի կարծում, թե վաղը ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրվի։

«Այսպիսի կոնֆլիկները հեշտ չի նույնիսկ 30, 40, 50 տարում լուծելը։ Ինչքան կարողացել ենք՝ լուծումը մոտեցրել ենք, և դա մեր մեղավորությունը չի, որ իշխանության եկան մարդիկ, ովքեր ասացին՝ իրենց կետից են սկսում, ձեր գործը չի, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք՝ այն էլ բանակցում ենք։ Հասանք այս վիճակին»,-նշեց նա։

Լրագրողներից մեկի հարցին, թե ասում են՝ Սերժ Սարգսյանը բանակցել է Արցախը «հանձնելու» համար, 3-րդ նախագահը պատասխանեց․ «Ասողը «ղալլաթա» անում։ Ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել։ Ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ և դրանից ելնելով՝ մենք էլ պատրաստ էինք փոխզիջումների»,-նշեց Սարգսյանը։

Նա խնդրեց՝ հանրահավաքը չվերածել ասուլիսի և այլ հարցերի չպատասխանեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել