Կիևի մարզի Բորոդյանսկի ապաստարանում ավելի քան 300 շուն է սատկել՝ սովից և ծարավից։ Կենդանիները մեկ ամիս անցկացրել են վանդակներում՝ առանց սննդի և ջրի, մինչ քաղաքը գրավված էր ռուսական զորքերի կողմից: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Ապրիլի 1-ին Բորոդյանկան ազատագրվեց օկուպանտներից: Այստեղ՝ ապաստարանում, պատերազմի սկզբից կենդանիները մնացել են վանդակներում փակված՝ առանց սննդի և ջրի: Ապաստանի ղեկավարությունն այս ամբողջ ընթացքում այնտեղ չի եղել, և նրանք չեն կարողացել օգնել կենդանիներին, որպեսզի փրկեն: Կենդանիներին փրկել են մի քանի այլ կազմակերպությունների կամավորներ։ 485 շներից ողջ են մնացել 150-ը։ Ամենավատ վիճակում գտնվող 27 կենդանիներ տեղափոխվել են մասնավոր կլինիկաներ՝ բուժման նպատակով»,- գրել է կենդանիների իրավունքների պաշտպան, կամավոր Յուլիա Պետրենկոն։
Վերջինիս խսքով՝ շների մեծ մասը սարսափելի վիճակում է՝ կյանքի ու մահվան եզրին: Բոլորի մոտ ծանր ջրազրկում և հյուծվածություն կա և որոշները այլևս չեն կարողանում քայլել:
Ըստ լրատվական կայքի՝ ապրիլի 2-ին ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Կիևի շրջանը ռուսական ուժերից։ Մինչ այդ Բորոդյանկա գյուղը մեկ ամսից ավելի գտնվում էր ռուսական ԶՈւ-ի վերահսկողության տակ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։