Իշխանությունը փոխելը խնդրի լուծում չէ, այլև ինքնիշխանության և տարածքների կորստի պատճառ է դառնալու․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գարունը նաև նորի սկիզբ և հույս է։

Ցանկացած նոր սկսվում է ունեցածի գնահատումով և հաջողության հույսով։ Ունենք պարտություն և ծանր վիճակում հայտնված Արցախ։ Մաս ենք ՀԱՊԿ դաշինքի, որ ոչ միայն աշխարհը չի ճանաչել, այլև անդամ պետությունները լուրջ չեն վերաբերվում և իրենց հերթին ոչ թե մեր, այլ մեր թշնամու բարեկամ են։ Ունենք ռազմավարական գործընկեր, ում վրա անգամ սեփական մտածող քաղաքացին հույս չի դնում և, լքելով հայրենիքը, գալիս է մեզնից ոմանց կարծիքով՝ կործանման եզրին հասած և անհապաղ փրկության կարիք ունեցող Հայաստան։ Ունենք բարեկամ Ֆրանսիա և մեզ ժողովրդավար երկրների շարքը դասող, իրենց ընտանիքում տեսնող ԱՄՆ ու ԵՄ: Բայց նրանք պատրաստ են մեզ ընդունել, եթե ինքնուրույն հաշտության ու խաղաղության հասնենք մեր թշնամիների հետ։

Հետևաբար մեր հույսը առաջին հերթին պետք է դառնա մեր հավաքական ներուժը, մեր հասարակությունը, բանակը, ոստիկանը, դիվանագետը: Պետք չի հուսահատվել, որ մեր ուժայիններում կան սպաներ ու ԱԳն-ում դիվանագետներ, որ հավաքագրված են, օտարամոլ, կամ կոռումպացված, որովհետև անհամեմատ շատ են ազնիվ, հերոսության պատրաստ, հայրենիքը սիրող, աշխատասեր տեսակները: Բնականաբար շեշտը պետք է դրվի հենց նրանց վրա։ Մաքրել է պետք հարդը ցորենից։ Մենք պարտավոր ենք վստահելի, հուսալի, կառավարելի դարձնել մեր պետական կառույցները: Սպառազինել մեր բանակը՝ շեշտը դնելով սեփական փամփուշտի, արկի և ռազմարդյունաբերության վրա, որը 1-1.5 տարում լուրջ արդյունքներ է գրանցել։

Ոտքի հանել մեր տնտեսությունը՝ առաջնայնություն տալով և լոկոմոտիվ դարձնելով ծանր արդյունաբերությունը՝ բնական ռեսուրսների ամբողջական շահագործումով։ Մաքսիմալ կանոնակարգել ՀՀ պետական և սփյուռքի հասարակական, մշակութային, գիտական և նյութական ներուժը։ Մենք համառ և ամենօրյա աշխատանք պետք է տանենք ժողովրդավար աշխարհի մեր բարեկամների հետ, որովհետև բռնապետությունները չեն հանդուրժում ժողովրդավարներին և, ցավոք, մեզնում նրանց սպասարկողները քիչ չեն։ Նրանց առաջարկը մեկն է՝ փոխել իշխանությունը, որ մեր պարագայում ոչ միայն խնդրի լուծում չէ, այլև ինքնիշխանության և տարածքների կորստի պատճառ է դառնալու։

Տարածաշրջանի միակ պետությունը, որ իր տարածքում այլ երկրի ռազմաբազա ունի ՀՀ-ն է, բնականաբար մեր ժողովրդավար բարեկամները և հարևանները ցանկանում են, որ ռազմաբազան դուրս գա տարածաշրջանից, բայց դրա համար անհրաժեշտ է, որ առաջին հերթին Արցախ և Լաչինի միջանցք մտնեն բազմազգ և ՄԱԿ-ի մանդատը ունեցող խաղաղապահ ուժեր, իսկ հարևանների հետ խնդիրները լուծվեն առանց ռազմական ուժի գործադրման, միջազգային օրենքներով և առանց հաղթող-պարտվողի։ Ես համոզված եմ, որ ՀՀ ԱԳՆ-ի և համայն հայության կապերը ճիշտ և ուղղորդված աշխատեցնելու, ներքին ռեսուրսները համախմբելու ու նպատակայի ծառայեցնելու դեպքում մենք կարող ենք ունենալ ազատ Արցախ և պաշտպանված ու զարգացող Հայաստանի Հանրապետություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել