Երևանի դպրոցներից մեկի աշակերտ Ալեքսան Ռ.-ն հասանելիություն է ունեցել նույն դպրոցի մեկ այլ աշակերտուհու՝ Լ.Հ.-ի նախկին ինստագրամյան էջին:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նա այդ ինստագրամյան էջով 2022 թվականի հունվարի 21-ից մինչև հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար կապ է հաստատել Լ.Հ.-ի գործող նոր ինստագրամյան էջի հետ: Շփման ընթացքում ձեռք է բերել Լ.Հ.-ի մերկ լուսանկարները և տեսագրությունը: Դրանից հետո Ալեքսան Ռ.-ն սպառնացել է Լ.Հ.-ին, որ այդ լուսանկարներն ու տեսագրությունը ցույց կտա ընտանիքի անդամներին և ընկերներին:
Որպեսզի չհրապարակի այդ նկարներն ու տեսագրությունը Ալեքսան Ռ.-ն պահանջել և 2022 թվականի հունվարի 24-ին դպրոցի 4-րդ հարկում՝ միջանցքում դրված աղբամանի միջից, ստացել է աղջկան պատկանող «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը:
Գործը դատարան է ստացվել մարտի 7-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շագվերդյանին:
Ալեքսան Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը) հատկանիշներով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նշվում է, որ Ալեքսան Ռ.-ի վերաբերյալ քրեական գործի նյութերում վարույթը կարճելու հանգամանքներ չկան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: