Թուրքիան և Իսրայելը քննարկում են իսրայելական գազը Եվրոպա հասցնելու հնարավորությունը

Թուրքական և իսրայելական կողմերը քննարկում են մատակարարումները դիվերսիֆիկացնելու նպատակով Իսրայելից Եվրոպա գազի տարանցման համար գազատարի կառուցման հնարավորությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ըստ լրատվական գործակալության՝ առաջիկա ամիսներին, այս հարցում հնարավոր է կոնկրետ որոշումներ ընդունվել։

Գործակալությունը մատնանշել է վերջին շրջանում Թուրքիայի և Իսրայելի մտերմությունը և խնդրի լուծմանը հասնելու փոխադարձ ցանկությունը։

«Մենք շահագրգռված ենք, որ իսրայելական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա տարանցվի։ Իսրայելը դրական է վերաբերվում դրան, որոշ բանակցություններ են անցկացվել և ցանկություն կա»,- ընդգծել է աղբյուրը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, քննարկվող նախագիծը նախատեսում է ստորջրյա խողովակաշարի կառուցում, որը կարող է իսրայելական «Լևիաթան» գազային հանքավայրից Թուրքիայի տարածքով հասնել եվրոպական երկրներ։ Գործակալության տվյալներով՝ իսրայելական գազը կարող է օգնել այս երկրներին դիվերսիֆիկացնել մատակարարումները և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է գործակալությունը, պաշտոնյաները ավելի խոհեմ են գնահատում նախագծի իրականացման հնարավորությունը և չեն բացառում, որ այդ գործընթացը կարող է չիրականացվել՝ աշխարհաքաղաքական պատճառներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել