Apple-ը «Միր» վճարային համակարգի քարտերով սահմանափակել է վճարումները, սկսել է Apple Pay հավելվածից աստիճանաբար հեռացնել ռուսական վճարային համակարգի քարտով վճարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ վճարային քարտերի ազգային համակարգի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ իրենք տեսնում են Apple Pay վճարային ծառայությունում նոր քարտերի ներբեռնումների քանակի զգալի նվազում։ Այս կապակցությամբ ազգային համակարգը հարցում է ուղարկել Apple-ին։ Միևնույն ժամանակ, վճարային քարտերի ազգային համակարգի մամուլի ծառայությունը նշել է, որ Apple Pay ծառայությունում արդեն ներբեռնված «Միր» քարտերով վճարումն իրականացվում է առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։