ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական տասնյակ ձեռնարկությունների և Պետդումայի 328 պատգամավորի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի նոր սահմանափակումները տարածվում են ռուսական 48 ձեռնարկության վրա։ Նրանք կզրկվեն արևմտյան տեխնոլոգիաներից և ֆինանսական ռեսուրսներից։ Նշվում է նաև, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հիմնական ուղղաթիռաշինական ձեռնարկությունների դեմ։
Պատժամիջոցները հայտարարվել են մարտի 23-ին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ նոր սահմանափակումները կվերաբերեն քաղաքական գործիչներին, օլիգարխներին և կազմակերպություններին: Նրա խոսքերով՝ G7 երկրները կհամաձայնեցնեն մեխանիզմներ, որոնք արգելափակում են Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու տարբերակները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։