Դատապարտյալը կաշառե՞լ է վկային

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ջ. Մինասյանի և Ա. Սինդոյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ջ. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր, 14.12.2012թ. իր ծանոթ Ա. Սինդոյանի օժանդակությամբ, կաշառել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով տուժող Հ. Վարդանյանին սուտ ցուցմունք տալու համար:

Այնուհետև 15.04.2013թ. ՔԿՀ-ի քննչական գործողությունների համար նախատեսված սենյակում, չենթարկվելով իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ` ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Դ. Մարգարյանի օրինական պահանջներին՝ նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով բռունցքով հարվածել է վերջինիս՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ա. Սինդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 14.12.2012թ. օժանդակել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ` Ջ. Մինասյանին, նույն գործով տուժող Հ. Վարդանյանին դատարանում սուտ ցուցմունք տալու համար կաշառելու հարցում:

Բացի այդ, 15.01.2013թ. ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պետին հասցեագրել է դիմում, համաձայն որի՝ վերջինս գիտակցաբար, իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն է հայտնել և Հ. Վարդանյանին մեղադրել է հանցավոր արարք կատարելու մեջ:

Գործով մեղադրյալ Ա. Սինդոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 316 –րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, իսկ 340–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կամ կեղծ եզրակացություն կամ սուտ ցուցմունք տալու նպատակով փորձագետին, ինչպես նաև սխալ թարգմանություն կատարելու համար թարգմանչին կաշառելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Նույն օրենսգրքի 333–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել