Կիևն առաջարկում է Ուկրաինայում ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ ստեղծել

Այժմ քննարկվում է Ուկրաինայի ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը, դա կարող է դիտվել որպես փոխզիջում: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայում ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ ստեղծել։ Այս առնչությամբ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Կրեմլը բավարարվա՞ծ է ապառազմականացման այս տարբերակով։

«Այդ տարբերակը, որն իսկապես այժմ քննարկվում է, կարող է դիտվել որպես որոշակի փոխզիջում»,- պատասխանել է Պեսկովը։

Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարող է բարելավվել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում պայմանավորվածությունների օգնությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել