Բանակցություններում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների դիրքորոշումներում սկզբունքային հակասություններ կան, բայց կա փոխզիջման հնարավորություն:
Այս մասին, այսօր կայացած բանակցություններից հետո, հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նա նաև տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի՝ մարտի 16-ին։
Ավելի վաղ Պոդոլյակը հայտնել էր, որ ուկրաինական և ռուսական պատվիրակությունները մարտի 15-ի բանակցություններում քննարկում են հրադադարի և Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման հարցեր։
Մարտի 14-ին ուկրաինական և ռուսական պատվիրակությունները դադարեցրել են բանակցությունները` տեխնիկական պատճառներով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։