Վլադիմիր Զելենսկին անձամբ իր շնորհակալությունն է հայտնել «Վրեմյա» հաղորդաշարի ժամանակ պատերազմի պաստառ ցուցադրած աղջկան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել այն ռուսներին, որոնք ճիշտ ինֆորմացիա են փոխանցում։

Այս մասին մարտի 15-ի գիշերը հրապարակած իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես երախտապարտ եմ այն ​​ռուսներին, ովքեր չեն դադարում ճշմարտությունը փոխանցել։ Նրանք, ովքեր պայքարում են ապատեղեկատվության դեմ և ասում են ճշմարտությունը, իրենց ընկերներին, բարեկամներին ու հարազատներին են ներկայացնում իրական փաստերը։

Եվ անձամբ աղջկան, ով պատերազմի դեմ պաստառով մտավ Առաջին ալիքի ստուդիա։ Նրանց, ովքեր չեն վախենում բողոքել։ Քանի դեռ ձեր երկիրն ամբողջությամբ չի փակվել ամբողջ աշխարհից՝ վերածվելով շատ մեծ Հյուսիսային Կորեայի, դուք պետք է պայքարեք։ Դուք չպետք է բաց թողնեք ձեր հնարավորությունը»։

Նշենք, որ երեկ՝ մարտի 15-ին, rուսական Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան ներխուժել է «Վրեմյա» հաղորդման տաղավար և ուղիղ եթերում ցուցադրել «Դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք պրոպագանդային, այստեղ ձեզ խաբում են» գրությամբ պաստառ: Նա մի քանի անգամ վանկարկել է՝ «Դադարեցրե՛ք պատերազմը։ Ոչ պատերազմին»: Այդ պահին եթերում անմիջապես տեսանյութ է հայտնվել: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ կինը բերման է ենթարկվել:

_________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել